Սույն թվականի մարտի 25-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Բարելավված հմտություններ գյուղական վայրերում զբաղունակության բարձրացման համար. մասնագիտական կրթության և ուսուցման կարևորությունը» թեմայով խորհրդաժողով: Միջոցառմանը ներկա էին մի շարք միջազգային կազմակերպությունների, ՀՀ նախարարությունների և գործակալությունների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Որպես սեմինարի նախագահող հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի պետ Հոա-Բին Աջեմյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) ներկայացուցիչներ, նախարարությունների ներկայացուցիչներ: Հայաստանի համար վերջին 8 տարիների համար պատասխանատու Միլենա Կորադինին ներկայացրեց ԵԿՀ Հայաստանի համար նորանշանակ պատասխանատու Վինսենտ Մըքբրայդին, ով կփոխարինի նրան:
Միջոցառման ընթացքում եղան մի շարք ներկայացումներ. ԵԿՀ միջազգային փորձագետ Վլադիսլավ Պոպովը, ներկայացրեց հմտություններ, ձեռներեցություն և գյուղական զարգացում. ԵՄ անդամ երկրների վերջին փորձառությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարարության ՄԿՈՒ բաժնի պետ, Սասուն Համբարձումյանը ներկայացրեց Գյուղատնտեսական ՄԿՈՒ-ն Հայաստանում. ռազմավարական գերակայությունները:
Զբաղվածության պետական գործակալություն բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը հանդես եկավ «Զբաղվածությունը գյուղական վայրերում. բիզնեսի դերը» թեմայով: ԵԿՀ ներկայացուցիչներ Միլենա Կորադինին և Վինսենթ ՄքԲրայդը ներկայացրին Գյուղատնտեսական ՄԿՈՒ-ին ԵՄ բյուջետային աջակցության կատարման չափանիշների ներածությունը: Ներկայացումներից հետո պանելային քննարկման միջոցով տարբեր շահագրգիռ կողմեր ներկայացրեցին ՄԿՈՒ իրականացման առկա պայմանները, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման գերակայությունները, գյուղատնտեսական ՄԿՈՒ պահանջարկը, ԱՇ կարիքների վերլուծության արդյունքները, ՄԿՈՒ բովանդակությունը, ուսումնական ծրագրերը, դասավանդողների վերապատրաստումը, զբաղմունքի նկարագիրը, կրթական չափորոշիչները: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ՀՀ գյուղատնտեսական պետական քոլեջների և արհեստագործական ուսումնարանների տնօրենները, որոնք ներկայացրին ՄԿՈՒ ներկա իրավիճակը, խնդիրները (դիմորդների անբավարար թիվ, թույլ նյութատեխնիկական ապահովվածություն և այլն) ու հանդես եկան ոլորտի հետագա զարգացման առաջարկներով: